Էջ:Վերք Հայաստանի 24.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միս, բայց, ժամը չարձակված, վա՜յ նրան, որ էստոնց կշտովն անց կենար կամ մատը դներ վրեն:

Էս միջոցումը գոմի սաքուն էլ սկսեցին թամուզ սարքել, խալիչա փռել, բուխարին վառել, դուրսն ու տունն ավելել, չունքի որ գեղի քեդխուդեքը էսօր էստեղ էին կանչած, ու էսպես կարգով՝ օրը մեկ քեդխուդի տան, ինչպես որ միշտ սովորություն ա, իրանց բարիկենդանը պետք է անցկացնեին: Աղասու մարդը վաղուց կտրիցը նայում էր, որ տեսնի, թե ե՞րբ ժամը դուս կգա: Հենց կնանոնց սպիտակ չարսավը տեսավ թե չէ, նոքարը ափալ-թափալ տուն ընկավ ու նրան աչքալիս տվեց: Էլի մերը իր ձին քշեց, իր ասածն արեց ու Աղասուն չթողաց, որ տեղից էնքան ժաժ գա, մինչև Սառախաթուն տատը տուն չէկավ, Սաղմոսն ու չարսավը չծալեց ու ամենին հավասարական Ողորմի աստված չասեց, նշխարք չբաժանեց:

— Աստված ձեր գլխին խռով չկենա, էսօր դուք հո՛ հոգիս հանեցիք, իմը ինձ հասցրիք,— ասեց Աղասին քթի տակին, մեկ կտոր նշխարք բերանը քցեց ու ընչանք ղոնաղները տուն կգային, փասա-փուսեն հավաքեց, դուս թռավ, ծլկեցավ:

Անիրավ ձին էլ, հենց իմանաս, իրան փառք էր համարում, որ էնպես նստող ուներ վրեն: Ոտն օրզանգվին առավ թե չէ, մեջքը կռացրեց ո սկսեց գլուխը խաղացնիլ, ոտները գետնին խփիլ, նալներին կրակ տալ, խրխնջալ, փռնչալ ու թև առնիլ, ոտները գետնիցը կտրիլ: Աղասու ընկերքն էլ մեկ տեղ թոփ էին էլել, ամեն բանը հազիր արել, իրանց մեծին սպասում ու դեռ չէին համարձակում, որ իրանց քեֆն սկսեն, չունքի պատվելի քեդխուդեքը եկեղեցուց դուս էկած՝ գեղամիջումը կանգնել, զրից էին անում, իրանց հոգսը հոգում:

— Մեկ կորչում էլ չե՛ն էս անատամ հալևորները, էս ծերերը, որ մենք դինջանանք, մեր քեֆին նայինք,— ասաց մեկը՝ ատամները կրճտացնելով, բարկանալով:— Իրանք ջանից ընկել են, իրանց ջահելությունը մոռացել, ու չե՛ն էլ ուզում, որ մենք էլա մեր օ՛րը քաշենք:

Բայց տանուտեր Օհանեսը էփված, փորձված մարդ ըլելով, միրուք ու մազեր հազար բանում սպիտակացրած, հազար չաթուչվան կտրած՝ ծանր, ուռած կանգնել, գզրին թամբահ էր անում, որ թուրք պատահելիս տանի, մեկ տեղ ղոնաղ տա, էն շանը լավ մտիկ անի, որ մարդի չկծի, ու տերտերն էլ մեջըները քցած քիչ-քիչ երիշ արին, տուն գնացին: Հենց նրանք հեռացան, մեր ղոչաղ տղերքանց աստղը դուս էկավ: